Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«ՏՄՊՊՀ-Ն ՀՐԱՀԱՆԳ ԵՎ ՊԱՏՎԵՐ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ»

«ՏՄՊՊՀ-Ն ՀՐԱՀԱՆԳ ԵՎ ՊԱՏՎԵՐ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ»
20.01.2012 | 00:00

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրականացրած ստուգումները և բացահայտումները մշտապես ուղեկցվում են հասարակական բուռն արձագանքով: Բացառություն չէր նաև վերջին «գաղտնազերծումը»: Այս և այլ թեմաների շուրջ է մեր զրույցը ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԻ հետ:

-Տարեվերջին հանձնաժողովը հրապարակեց կաթնամթերքի շուկայում իրականացրած ստուգումների արդյունքները, որոնք, մեղմ ասած, վիճարկեցին համապատասխան ընկերությունները: Այս պահին ի՞նչ փուլում է այդ գործընթացը: Հնարավո՞ր է, որ տվյալ խնդրին նորից անդրադառնա հանձնաժողովը:
-Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթները, բնականաբար, բացասաբար են անդրադառնում տվյալ ընկերության գործարար համբավի վրա, ինչը, թերևս, ավելի խիստ պատիժ է, քան ֆինանսական տուգանքը: Ինչ վերաբերում է Ձեր նշած կաթնամթերքի շուկայում իրականացված վարույթին, նշեմ, որ դրա արդյունքներն ամփոփվել են, և հանձնաժողովը հրապարակել է բոլոր այն փաստաթղթերը, որոնցով հիմնավորվում է ընկերությունների անբարեխիղճ վարքագիծ դրսևորելու փաստը: Խոսքը թե՛ մաքսային, թե՛ օրինախախտ ընկերությունների ներքին շրջանառության փաստաթղթերի մասին է, որոնց մեջ առկա են հանձնաժողովի որոշումները հիմնավորող բավարար ապացույցներ: «Աշտարակ կաթ» ընկերությունն արդեն իսկ պետբյուջե է վճարել տուգանքն ամբողջությամբ, «Մարիաննա» ընկերությունը որոշակի ժամկետ է խնդրել, որի ընթացքում պարտավորվել է վճարել տուգանքը, իսկ «Անի» ընկերությունը վարչական բողոք է ներկայացրել հանձնաժողովին: Քանի որ սննդամթերքի որակի հետ կապված խնդիրներն առաջնահերթ են համարվել գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից, ապա հանձնաժողովի կատարած ուսումնասիրության ողջ փաթեթն ուղարկվել է վերոնշյալ պետական գերատեսչություն: Հանձնաժողովը խախտումները բացահայտել է փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում, որից հետո, որպես լրացուցիչ փաստ, սեփական նախաձեռնությամբ կաթնամթերքի որոշ տեսակներ հանձնել է լաբորատոր փորձաքննության, որով էլ հաստատվել են նախապես բացահայտված փաստաթղթային կեղծիքները:
-Ըստ մամուլի հրապարակումների, հիշյալ ընկերություններում խախտումների արձանագրումը զուտ պատրվակ էր, որ Ամանորին կաթնամթերքի հնարավոր թանկացումներ չլինեն: Ձեր գնահատականը:
-Քանի որ ՏՄՊՊՀ-ի առաջնահերթ գործառույթներից մեկը սպառողների շահերի պաշտպանությունն է, ապա հանձնաժողովը որդեգրել է մշտապես բաց և թափանցիկ աշխատելու սկզբունքը։ Յուրաքանչյուր քաղաքացի ցանկացած պահի կարող է անձամբ ներկայանալ հանձնաժողով և ծանոթանալ վարույթի բոլոր փաստաթղթերին ու որոշման հիմքերին: Թեև նորից կրկնեմ. որպես կանոն, նիստերը տեղի են ունենում բաց, իսկ որոշումները կայացվում են հրապարակային: Ինչ վերաբերում է կաթնամթերքի ամանորյան թանկացումներին, տեղեկացնեմ, որ վերոնշյալ շուկայի վարույթն Ամանորի հետ ոչ մի առնչություն չունի, այն հարուցվել է շատ ավելի վաղ և միայն լայնածավալ ուսումնասիրությունից հետո՝ դեկտեմբերի 21-ին, հրապարակվել է հանձնաժողովի որոշումը: Բացի այդ, Ամանորի նախաշեմին նման որոշման կայացումը չէր կարող կաթնամթերքի հնարավոր թանկացումից խուսափելու պատրվակ լինել, այն պարզ պատճառով, որ խիստ ռիսկային որոշում էր և, ճիշտ հակառակը` կարող էր հանգեցնել կտրուկ գնաճի: Խնդիրն այն է, որ տուգանված ընկերություններն արտադրման և իրացման ընդհանուր ծավալներով զբաղեցնում են շուկայի 80 տոկոսից ավելին, իսկ նրանց գործարար համբավին հասցված վնասի պատճառով կարող էր կտրուկ բարձրանալ շուկայում գործող մյուս` համեմատաբար փոքր ծավալներ ունեցող ընկերությունների արտադրանքի պահանջարկը, որից ելնելով էլ, վերջիններս կփորձեին որոշակիորեն բարձրացնել իրենց արտադրանքի գինը: Սակայն հանձնաժողովի խիստ վերահսկողության և կազմակերպված աշխատանքի շնորհիվ նման բան տեղի չունեցավ: Հավելեմ նաև, որ ՏՄՊՊՀ-ն օրենքով տրված լիազորությունների շրջանակում գերիշխող տնտեսավարողներ ունեցող շուկաներում ունի գնաճը զսպելու այլ մեխանիզմներ: Վարույթներն իրականացվում են միայն օրենքի խախտումը վերացնելու, անբարեխիղճ տնտեսավարողներին պատժելու և առողջ մրցակցային միջավայր ստեղծելու նպատակով:
-Հաճախ է տեսակետ հնչում, թե Դուք բարձրաձայնում եք միայն այն ոլորտների խախտումները, որոնց մասին Ձեզ հրահանգել են «վերևից», ասել է՝ վիճարկվում է հանձնաժողովի անկախության հանգամանքը: Որքա՞ն եք «գնահատում» Ձեր անկախությունը:
-Հանձնաժողովը լիովին անկախ է ինչպես տարբեր շուկաների ուսումնասիրության, այնպես էլ որոշումների կայացման հարցում: Բացի սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրվող շուկաներից և վեր հանվող հարցերից, հանձնաժողովն առանց բացառության ընթացք է տալիս ու լուծում նաև սպառողների և հասարակական կազմակերպությունների բարձրացրած այն բոլոր խնդիրները, որոնք գտնվում են մեր դաշտում: Նախորդ տարի թեժ գծով, էլեկտրոնային եղանակով սպառողներից ստացված դիմում-բողոքների հիման վրա տասնյակ վարույթներ են հարուցվել: Այս պարագայում, կարծում եմ, խոսք անգամ չի կարող լինել, ինչպես Դուք եք նշում, հրահանգի մասին:
-Հանձնաժողովի գրեթե բոլոր որոշումների հետևում հանրությունը քաղաքական երանգներ է տեսնում: Ավելին, նշվում է, թե Դուք պատվեր եք իրականացնում: Որո՞նք են Ձեր հակափաստարկները:
-Ճիշտն ասած, նման խոսակցություններին լուրջ չեմ վերաբերվում, որովհետև դրանք զուրկ են որևէ իրական հիմքից: Կարծում եմ, հանձնաժողովի անաչառ աշխատանքի արդյունքը սպառողներն անձամբ են զգում, համենայն դեպս, նախորդ տարի ջանք չենք խնայել հասնելու հնարավորինս շատ խնդիրների լուծման: Ամենայն պատասխանատվությամբ ասեմ, որ չկա մեր ոլորտին վերաբերող որևէ խնդիր, որը բարձրացրել է հանրությունը, սակայն հանձնաժողովն այն աչքաթող է արել: Մրցակցությանը խոչընդոտող ցանկացած հարցի արձագանքում ենք, խորությամբ ուսումնասիրում և համապատասխան որոշում կայացնում:
-Պարբերաբար հանձնաժողովը տուգանքներ է սահմանում այս կամ այն խոշոր տնտեսավարող սուբյեկտի հանդեպ, սակայն իրավիճակը դրանից չի շտկվում: Այս առնչությամբ ՏՄՊՊՀ-ն ի՞նչ է փորձում անել:
-Համամիտ չեմ Ձեզ հետ, որ հանձնաժողովի իրականացրած քայլերի արդյունքում շուկայում իրավիճակը չի շտկվում: Անշուշտ, դեռևս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, սակայն փաստ է, որ նախորդ տարի կատարված օրենսդրական փոփոխությունների, ինչպես նաև ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման շնորհիվ 2011-ին բազմաթիվ խնդիրներ լուծվել են: Փորձը ցույց է տալիս, որ երբ բացահայտվում է որևէ իրավախախտում, և տնտեսավարողը պատժի է ենթարկվում, դա շուկայում ունենում է նաև կանխարգելիչ նշանակություն, իսկ մյուսները սովորաբար խուսափում են նման գործելաոճից: ՏՄՊՊՀ-ի գործունեության արդյունավետությունը, կարծում եմ, առավել քան խոսուն է: Ներկայացնեմ ընդամենը մի քանի թվային տվյալ: Եթե 2008 և 2009 թվականներին հանձնաժողովը կայացրել էր տնտեսավարողներին պատասխանատվության ենթարկելու 31-ական որոշում, ապա 2010-ին այդ ցուցանիշը կազմել է 107 որոշում, իսկ 2011-ին` 197: Ինչ վերաբերում է կիրառված ֆինանսական տուգանքներին, ապա նախորդ տարի միայն հակամրցակցային գործողությունների համար տնտեսավարողները տուգանվել են մոտ 351 միլիոն դրամով` 2010-ի 37 միլիոնի, 2009-ի 10 միլիոնի և 2008-ի 9 միլիոնի համեմատ: 2011-ին պետական բյուջե մուծված տուգանքները կազմել են 229 միլիոն դրամ, այն դեպքում, երբ 2010-ին այն եղել է 22, իսկ 2009-ին` ընդամենը 6 մլն դրամ: Հարկ է նկատել, որ, ի տարբերություն նախորդ տարիների, հանձնաժողովի 2010 և 2011 թվականներին կայացված և դատական կարգով բողոքարկված որոշումներից ոչ մեկը վերջնական դատական ակտով անվավեր չի ճանաչվել, ինչը խոսում է կայացված որոշումների հիմնավորվածության մասին:
-Քանի որ 2012-ը նախընտրական տարի է, հնարավո՞ր է՝ հանձնաժողովը առանձնակի ջանասիրությամբ թիրախում պահի հատկապես այն գործարարներին ու կազմակերպությունների սեփականատերերին, որոնք այս կամ այն ազդեցությունը կունենան ընտրական գործընթացների վրա:
-Իր գործունեության ընթացքում հանձնաժողովը տնտեսավարողների հանդեպ տարբերակված մոտեցում երբևիցե չի կիրառել: Մեր կայացրած բոլոր որոշումները հրապարակային են, տեղադրված են մեր պաշտոնական կայքում, և ցանկացած քաղաքացի կարող է ծանոթանալ ու համոզվել, որ դրանք իրավաչափ են ու հիմնավոր: Հանձնաժողովը որևէ առնչություն չունի քաղաքական գործընթացների հետ:
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1215

Մեկնաբանություններ